Վարչական դատարանը երկրորդ անգամ, մեղմ ասած, անհիմն պատճառաբանությամբ, հետ վերադարձրել «Բարեւ Երեւանի» հայցադիմումը՝ որով բողոքարկվում է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու Երեւանի քաղաքապետի որոշումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը։

Այս անգամ դատարանը հայցվոր կողմից հարցրել է, թե ում շահն եք դուք ներկայացնում. «Ի՞նչ գործ ունեք ասել՝ ում շահն եք ներկայացնում, իմ գործն է թույլ չտալ անօրինակություն լինել։ Եթե մենք գրեինք, որ հանրության շահն ենք ներկայացնում, ես ձեզ հավատացնում եմ, որ դատավորը պահանջելու էր լիազորագիր հանրությունից»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Ավագանու անդամը շեշտեց, որ խնդիրն այն է, որ դատարանին ասվել է գործ չընդունել, արգելված է գործ ընդունելը։ Նրանք պատրաստվում ենք դիմել նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, հաջողության չհասնելու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ այն ինչ տեղի է ունենում տրանսպորտի սակագնի հետ կապված, պետք է մտահոգի բոլորիս, պետք է թույլ չտալ ապօրինություններ եւ թեժ պահել պայքարը։ «Սա տրանսպորտային հանցագործություն է, որին մասնակից են Երեւանի քաղաքապետը, աշխատակազմի վարչություններ, երթուղային մի շարք գծեր սպասարկող ընկերություններ, Տրանսպորտի վարչության պետը, տրանսպորտի հարցերով քաղաքապետի խորհրդականը։ Սրա մասնակիցն է Վարչական դատարանը, որը թույլ է տալիս կոծկել տեղի ունեցած հանցագործությունը»,- ասաց նա։

«Բարեւ Երեւանը» պատրաստվում է հաջորդ շաբաթ դիմում ուղարկել Արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի նկատմամբ վարույթ սկսելու խնդրով։ Նա շեշտեց, որ դատավորի պահվածքը, պատճառաբանությունները ցույց են տալիս, որ նա ուղղակի պատվեր է կատարել, եւ հերթական ապացույցը, որ քաղաքացու համար արդարադատությունը մատչելի չէ, այն բռնաբարվել է։

«Եթե աչքաթող անենք պրոցեսները, նորից բախվելու ենք հուլիսի 20-ի դեպքերին, երբ մեզ ասելու են, որ պետք է վճարել 150 դրամ»,-ասաց Սաֆարյանը:

Նրանք չեն մասնակցում նաեւ Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդրով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ «այն կոչված է օրինականացնել այդ ապօրինությունը»՝ Տարոն Մարգարյանի որոշումները, «այդ հանձնաժողովում ես տրանսպորտի ոլորտից քաջատեղյակ մարդ չեմ ճանաչում»։ Նա նաեւ շեշտեց, որ հանձնաժողովի հաշվարկները տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու հետ կապված, որեւէ կերպ հիմնավորված չեն, եւ չի կարելի այդպես ժողովրդին «քցել, ռեկետ անել»։ Նա վստահ է, որ ոչ մի պայքար անհետեւանք չի մնա, եւ իրենք կհասնեն հաջողության։

Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ բարձրացնեն տրանսպորտի ուղեվարձը։