Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ցնցված է Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով. «հնձում ենք այն, ինչ ցանել ենք, տարիների ընթացքում երկրի անկախության նվազեցումը վաղ թե ուշ բերելու էր նաեւ մարդկանց գիտակցության մեջ դրա արտացոլմանը, որն սկսվելու էր կարոտախտով՝ դեպի անցյալը»։
«Ես ցնցված եմ, որ հայ մտավորականը, կամ իրեն մտավորական կոչող մարդը, կարող է ուղղակի ձեռքը գնալ եւ խիղճը թելադրի իրեն գրել նման բաներ, տասը էջ հիշեցնելով ռուսական կայսրության փառավոր անցյալը, փափագելով նույնքան փառավոր ապագա հայկական իրավունքների եւ վարչատարածքների հաշվին։ Ուրախ եմ այն քննադատության համար, որ նա լսեց։ Ուրախ եմ, որ կա մի լուրջ շերտ, որը չի կարող ընդունել նման պահվածքը»,- ասաց ավագանու անդամը։
Նա նաեւ նկատեց, որ մեր երկրում կամաց-կամաց վերականգնվում է ամոթի, հասարակական պարսավանքի ինստիտուտը։ Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ այդ նամակը համաձայնեցված է եղել իշխանությունների հետ, եւ փորձ է արվում հասարակության մոտ հող նախապատրաստել Ղարաբաղի ռուսաֆիկացման համար։
«Անգամ ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, չափազանց լուրջ եմ գնահատում զգայնությունները, որն ունի Հայաստանը, այնպիսի մի հարմարվող տեսակ, ինչպիսին Զորի Բալայանն է, ոնց կարող է ագզի անունից նամակ հղել։ Սա մի բանի մասին է վկայում, մենք չափազանց լարված վիճակ ենք ունենալու Վիլնյուսի պայմանագրերի հետ կապված, շատ կոշտ պայքար է գնում հետխորհրդային տարածության տրանսֆորմացիայի կապակցությամբ, ոչ Ռուսաստանն է պատրատսվում զիջել, ոչ էլ Եվրամիությունը։ Շատ զգայուն եւ լարված վիճակ է, եւ եթե պալատական մտավորականը նման ծավալուն նամակ է հրապարակել, դա կարո՞ղ է պատահական լինել։ Դա համաձայնեցված էր, պետք էր ինչ-որ մեկի շուրթերով հնչեն ուռաներ ռուսական կայսերական անցյալի մասին»,- ասաց նա։
Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ երբեւէ իր մտքով չէր անցնի, որ ներկա կլինի «Նամակ ռուսաց թագավորի» տրագիկ բեմականացմանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքից Զորի Բալայանը կլացի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























