ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը տեղի կունենա մայիսի 29-ին։ Այս մասին մարտի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա մայիսի 8-ին Մոսկվայում, իսկ ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 29-ին»,- հայտնել է Լավրովը։
Նա գոհունակություն է հայտնել ԱՊՀ արտգործնախարարների՝ այսօր կայացած նիստից. «Խոսվել է օրակարգային հարցերի, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում միջպետական համագործակցության զարգացման, ինչպես նաեւ անվտանգության ապահովման հարցերի շուրջ»։
«Բացի այդ, այսօրվա նիստում քննարկվել է Ռուսաստանի ներկայացրած եվրաանվտանգության նախաձեռնության հարցը, եւ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհուրդը դրա վերաբերյալ իր հավանությունն է արտահայտել»։
ԱՊՀ երկրների արտգործնախարարները «քննարկել եւ համաձայնեցրել են ԱՊՀ երկրներում ընտրությունների վերահսկման ոլորտի համագործակցության մասին փաստաթուղթը»։




























