Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, իր աշխատանքն է սկսել «Եկեղեցի եւ պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Նա իր խոսքում կարեւորել է երկօրյա ժողովի անցկացումը Մայր Աթոռում` վստահություն հայտնելով, որ քննարկվող նյութերը մեծապես կնպաստեն միջեկեղեցական եւ միջպետական փոխհարաբերությունների առավել արդյունավորմանը:

Բացման արարողությանը մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքն է փոխանցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Օրեր առաջ գումարվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, ինչը հայոց հոգեւոր կյանքի առաջընթացի, աշխարհասփյուռ հայության համախմբման, միակամության եւ միաբանության վճռական ու կարեւոր քայլ էր: Գովելի է, որ պատմական այդ կարեւոր իրադարձությանը հետեւում է եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, առկա ու գալիք մարտահրավերներին եւ հրամայականներին վերաբերող այս համաժողովը: Բոլորիս է հայտնի Հայոց առաքելական սուրբ եկեղեցու վեհ առաքելությունը մեր ժողովրդի քրիստոնեական դաստիարակության, հոգեւոր արժեքների սերմանման, ամրապնդման ու ազգապահպանության գործում: Պատմական այդ առաքելությունը Մայր Եկեղեցին այսօր էլ շարունակում է իրականացնել Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության հանդեպ` հավատարիմ մնալով մեր սուրբ հայրերի պատգամներին:

Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է զարգացման եւ առաջընթացի ուղի, որտեղ կարեւոր են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, խոսքի եւ կրոնական ազատությունները: Այս առումով ես իմ գոհունակությունն եմ հայտնում, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական արմատներ եւ մշակույթ ունեցող երկիր, մեծ հնարավորություններ ու պայմաններ է ստեղծել Հայաստանում գործող այլ կրոնների ու հարանվանությունների համար:

Հայ եկեղեցին, որի պատմական բացառիկ առաքելությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ակտիվորեն մասնակցում է միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններին եւ մեծ դեր ունի ողջ աշխարհում հանդուրժողականության, սիրո եւ համագործակցության տարածման գործում: Այսօր էլ այս գիտաժողովի միջոցով Հայոց Եկեղեցին իր նպաստն է փորձում բերել ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին:

Այս գիտաժողովի ընթացքում դուք քննարկելու եք եվրոպական տարբեր երկրների փորձը: Վստահ եմ, որ հարգելով խղճի եւ կրոնական ազատությունների մասին միջազգային սկզբունքները` հաշվի կառնեք նաեւ եվրոպական քաղաքակրթության մաս կազմող մեր երկրի կրոնական ու մշակութային յուրահատկությունները:

Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ, մեկ անգամ եւս ողջունելով` մաղթում եմ ձեզ հաջողություն եւ արդյունավետ աշխատանք»: