Պերմի մարզում ավելի քան 120 դպրոցականներ են թունավորվել. դրանից առաջ նրանք դպրոցական ճաշարանում քաղցրաբլրիթ, բորշչ եւ կոտլետ են կերել, հաղորդում է տարածաշրջանային դատախազությունը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» մարզային ներկայացուցչությունից «ՌԻԱ նովոստիին» հայտնել են, որ հոկտեմբերի 16-ին, թիվ 40 դպրոցի մի քանի տասնյակ աշակերտներ թունավորվել են, ենթադրաբար ճաշարանի սնունդից: Ընդհանուր առմամբ, վատ ինքնազգացողությունից բողոքել է 7-13 տարեկան 45 աշակերտ, նրանցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Միջադեպի հանգամանքները պարզելու ընթացքում հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 16-ին դպրոցականները դպրոցի ճաշարանում կերել են քաղցրաբլիթ, ձու, բորշչ, կոտլետներ: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը սալմոնելեզն է: Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Միայն 125 աշակերտի մոտ է արձանագրվել վարակիչ հիվանդություն»,-հաղորդում է դատախազությունը:

Դպրոցը սնունդով ապահովող անհատ ձեռներեցի դեմ քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը շարունակում է ստուգումները: