Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ եւ քննարկել Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին:
Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ համագործակցությունը նոր ծրագրերում: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաեւ Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երեւանում:





























