Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երեւանում, հոկտեմբերի 21-ին, կբացեն «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Ներկա կլինեն պետական պաշտոնյաներ, միջազգային եւ անկախ փորձագետներ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել ռասիզմը եւ քսենոֆոբիան քաղաքական դիսկուրսում, ռասայական եւ էթնիկ խտրականության դեմ պայքարում մարդու իրավունքների ինստիտուտների դերը, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ատելության խոսքի եւ ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին վերաբերող հարցեր:





























