ՄԱԿ-ի գրասենյակում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, բացվել է ցուցահանդես, որը նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Բացման հանդիսավոր արարողությանն ավելի քան 50 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակ եկած հյուրերին:

Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի եւ Արփի Վարդանյանի արվեստի գործերը, որոնք գրավեցին երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի եւ լայն հանրության ուշադրությունը:

Բան Կի-մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, 2013թ. ՄԱԿ-ի օրվա իր ուղերձում ասաց. «Այս տարի եւս մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչպիսի հավաքական գործողության ենք ընդունակ: Մենք կարող ենք նույնիսկ ավելին: Մի աշխարհում, որն ավելի կապակցված է, մենք պետք է լինենք էլ ավելի միասնական: ՄԱԿ-ի այս օրը եկեք երդվենք հասնել մեր հիմնարար գաղափարներին եւ աշխատել միասին՝ խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների համար»:

Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, մասնավորապես, ասել է. «Հայ արվեստի եւ դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջեւ, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ եւ ձգտումը Հազարամյակի զարգացման նպատակներին»:

Նկարիչ Սեդա Բեքարյանն էլ ասել է. «Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը եւ կարեւորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում: Ինձ համար հատկապես մեծ պատիվ  է նվիրել այս ցուցադրության բացումը ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին»:

Հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր 1948թ.-ից: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն: