Աշխատելու նպատակով Թուրքիա մեկնած եւ այնտեղ էլ ամուսնացած Հերմինա Դալմազյանը հանդիպել է 9 տարի առաջ Հայաստանում թողած իր աղջկա հետ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Տրապիզոնի Օֆի շրջանում ապրող Հերմինա Դալմազյանը Օֆի շրջանի քայմաքամի (գավառապետ-խմբ) օգնությամբ կարողացել է հանդիպել 19-ամյա իր դստեր՝ Սաթենիկ Դալմազյանի հետ, ում չէր տեսել 9 տարի։ Քայմաքամը կազմակերպել էր աղջկա այցը Թուրքիա։

9 տարի անց աղջկա հետ հանդիպած Հերմինա Դալմազյանն իմացել է, որ աղջիկն ամուսնացած է եւ  երեխա ունի։ Շրջանի քայմաքամը խոստացել է, որ Հերմինա Դալմազյանին կօգնի տեսնել նաեւ թոռանը։

Նշվում է, որ Հերմինայի 19-ամյա աղջիկն ամուսնացած է եւ ապրում է Ռուսաստանում։

Նշենք, որ այս տարի Թուրքիայում Տրապիզոն նահանգի Օֆի շրջանի բնակչուհի Հերմինա Դալմազյանը  «Տարվա մայր» էր ճանաչվել։  Նա 9 տարի առաջ Թուրքիա էր մեկնել, որտեղ ծանոթացել է Մուհամեդ Ալի Շիմշեքի հետ, ում կինը մահացել էր տարիներ առաջ։ Մուհամեդ Ալի Շիմշեքը հայաստանցի կնոջը ամուսնության առաջարկություն է արել եւ դրական պատասխան ստացել։

Հերմինա Դալմազյանն ամուսնանալուց հետո վերցրել է նաեւ ամուսնու ազգանունը եւ իր հարազատ երեխաների պես հոգ տարել ամուսնու նախկին կնոջից ծնված 4 երեխաներին, ինչպես նաեւ 2 երեխա եւս լույս աշխարհ բերելով։