Ղրղըզստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուրմանբեկ Բակիեւին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները բարեկամական Ղրղըզստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Դուք պաշտոնավարման երկրորդ ժամկետում կկարողանաք շարունակել Ձեր բոլոր ծրագրերի իրականացումը` ի բարօրություն եւ բարգավաճում ղրղըզ ժողովրդի:

Ղրղըզստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման ջերմ հարաբերությունները, մեր ժողովուրդների` միմյանց հանդեպ անկեղծ համակրանքն ու բարյացկամությունը: Հենց այդ պատճառով է, որ առանձնակի հաճույքով եմ սպասում իմ առաջիկա այցին եւ Իսսիկ-Կուլի ափին կայանալիք հանդիպմանը:

Վստահ եմ, որ մենք հետագայում էլ կշարունակենք մեր միջպետական հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով եւ հետեւողականորեն կզարգացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը` ի շահ Հայաստանի եւ Ղրղըզստանի ժողովուրդների»: