Հայաստանի Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում:
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, թե Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաեւ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի:
Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ եւ մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը եւ ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը:
Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաեւ բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաեւ հստակեցնել եւ կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:
Միաժամանակ Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից:
Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի եւ ԱԽ կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ նախագծով նախատեսված գնահատման կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























