Երեւանում անցած ինը ամիսների ընթացքում տեղի է ունեցել 832  ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43 քաղաքացի, վիրավորվել 1044-ը: Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը՝ ամփոփելով Երեւանի ճանապարհային ոստիկանության 9 ամիսների աշխատանքը։ Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ով նվազել է մահվան ելքով դեպքերի թիվը, փոխարենը 128-ով ավելացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերի թիվը։

Այս հանգամանքը Երեւանի ՃՈ-ի պետը պատճառբանեց  նախ վերջին ինը ամիսների ընթացքում ՀՀ  ներմուծված 17-18 հազար տրանսպորտային միջոցներով, որոնց գերակշիռ մեծամասնությունը արտասահմանյան մակնիշի մեքենաներ են, որոնք ունեն շատ ուժեղ շարժիչ։ «Ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումը կապված է նաեւ նրանով, որ հնարավոր է քաղաքացիները դեռեւս չեն տիրապետում այդ մեքենաները վարելու կանոններին»,- ասաց Արսեն Արշակյանը՝ կոչ անելով վարորդներին ավելի զգոն եւ ուշադիր վարել։

Նա նաեւ շեշտեց, որ դժբախտ ելքով վթարի նվազեցման դեպքում իրենց արդյունքը տվել են նաեւ տեսախցիկները, իսկ դրանցից եւ արագաչափերից դժգոհում են միայն այն վարորդները, որոնք հակված են խախտումներ անել։ Արսեն Արշակյանը շեշտեց նաեւ, որ ամեն ինչ արել են, որ վարորդների համար տեսանելի լինի տեսախցիկների եւ արագաչափերի առկայությունը տվյալ տարածքում,հասցրել են նվազագույնի։

Ինչ վերաբերում է մգեցված ապակիներով մեքենաների վարորդներին տուգանելուն, ապա, Երեւանի ՃՈ-ի պետն ասաց, որ առայժմ նոր բա չկա, մգեցված ապակիների հետ կապված սարք կձեռքբերեն, կմշակվեն չափորոշիչներ եւ դրանց թույլատրելի սահմանն անցնող վարորդները կտուգանվեն։