Անցած ինը ամիսների ընթացքում Երեւանի Ճանապարհային ոստիկանությունից  ծառայությունը ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ պարկեշտ վերաբերմունք ցուցաբերելու, վարչական պատասխանատվության չենթարկելու համար աշխատանքից ազատվել է 5-ից 10 սպա։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը։

Նա վստահեցրեց, որ չկան առավելություն ունեցող վարորդներ, այդ միտքը վաղուց պետք է դուրս եկած լիներ։ «Այս քաղաքում չկա որեւէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ եւ արտահայտվել, որ ինքը առավելություն ունի մյուսների նկատմամբ՝ կախված իր մեքենայի մակնիշից կամ հարստության աստիճանից։ Եթե կա այդպիսի մեկը, ով կփորձի առավելություններ դրսեւորել, ես շատ հաճույքով կուզեմ ծանոթանալ այդ մարդու հետ, եւ ապացուցել, որ այս քաղաքում չկա որեւէ մեկը, ով կարող  է իրեն առավել զգալ»,- հայտարարեց Արսեն Արշակյանը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե ՃՈ տեսւոչները անտեսում են երկրորդ, երրորդ շարքով կանգնած մեքենաներին եւ նրանց չեն տուգանում, Արսեն Արշակյանն ասաց, որ նման բան չի կարող լինել։ «ՃՈ-ում սեպտեմբերի 5-ից գոյություն ունի քարշակ տրանսպորտային միջոցով ծառայություն, եթե տեսուչը տեսավ, որ տրանսպորտային միջոցը կայանել է երկրորդ կամ երրորդ շարքում, կապի միջոցով քարշակ տրանսպորտային միջոցը կանչվում է դեպքի վայր 10-15 րոպեների ընթացքում, եւ տեղափոխվում է տրանսպորտային միջոցը»,-վստահեցրեց ՃՈ-ի պետը։