Ռուս լրագրողուհի, The New Times ամսագրի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացը Ռուսաստանում սկանդալ է հարուցել Ուրալի լեռնաշղթայով Ռուսաստանի բաժանման անխուսափելիության վերաբերյալ հայտարարությամբ: Համացանցը լի է բարկացած գրառումներով, իսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները պաշտոնական մարմինների համար հարցումներ են պատրաստում: Ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը առաջարկում է քրեական օրենսդրությամբ ազատազրկում սահմանել Ռուսաստանի բաժանման մասին արտահայտությունների համար:

Իր հայտարարությունը Ալբացն արել է «Էխո Մոսկվի» ռադիոյի ուղիղ եթերում՝ «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ:

«ԱՊՀ տարածքում մեզ համար լուրջ մրցակից է հայտնվել ի դեմս Չինաստանի, որն այլ պետությունների շարք է մտնում, ընդ որում լրջորեն,- ասել է նա,- Ներդրումներ, գազային ու նավթային դաշտերի ահռելի ձեռքբերոըմներ, ներդրումներ ձեռնարկություններում եւ այլն… Չինաստանն այդ ամենն իրականացնում է առանց աղմուկի, առանց հիշեցումների այն մասին, որ իրենք մեծ կայսրություն են եւ առանց մնացյալի…»:

Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին, թե «Իսկ այսպես, թե իբր Աստված իրենց հետ, թող վերցնեն, հնարավո՞ր է», Ալբացը պատասխանել է. «Ոչ, ես նույնպես համարում եմ, որ Աստված իրենց հետ, թող վերցնեն: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Ես, անկեղծ ասած, խնդիր չեմ տեսնում, եթե Ռուսաստանը բաժանվի Ուրալի լեռնաշղթայով: Ես կարծում եմ, որ դա անխուսափելի է»:

Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, լրագրող Ալբացի կարծիքի առթիվ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները հարցումներ կուղարկեն համապատասխան մարմիններ ու ատյաններ: Կուսակցության պատգամավոր Սերգեկ Տենը հոկտեմբերի 18-ին Պետդումայում հայտարարել է, որ այդ արտահայտություններն ընկալում է որպես անձնական վիրավորանք:

Ինչպես հաղորդում է TOPNews-ը, լրագրող Քսենիա Սոբչակնը Twitter-ի իր էջում(‏@xenia_sobchak) հեգնանքով է արձագանքել Տենի արտահայտություններին.«Ես Տենի փոխարեն լինեի, չէի դիպչի Ժենյային: Ալբացի վրա հարձակումները նման են Պովետկինի ու Կլիչկոյի մենամարտին»:

«Մենք պետք է առաջարկենք մեր պատգամավորներին, որ միացյալ ու անբաժանելի Ռուսաստանի մասնատման մասին անգամ բանավոր հայտարարությունները կպատժվեն ազատազրկմամբ»,- հայտարարել է կոմկուսի առաջնորդ Զյուգանովը հոկտեմբերի 19-ին Պետդումայի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: