Հայաստանում հացի որոշ արտադրամասեր խմորում գերազանցում են բարելավիչների նորմերը։ Այս մասին հայտարարել  է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» ՀԿ-ի մոնիտորինգների բաժնի ղեկավար Ֆրունզե Հայթյանը։ «Ըստ բաղադրատոմսի՝ այդ բարելավիչները կարելի է ավելացնել միայն քիչ  քանակությամբ՝ 100 կգ-ի համար մինչեւ 50գ: Իսկ որոշ արտադրողներ  միշտ չէ, որ հիշում են այդ մասին», – հայտնել է Ֆ. Հայթյանը:

Ըստ նրա՝ նույն խնդիրը կա նաեւ վիտամինացված խմորիչների  դեպքում: «Շատերը նախընտրում են օգտագործել  ոչ տեղական՝ Եղվարդի խմորիչների գործարանի, ոչ գերմանական, այլ թուրքական խմորիչները:  Ընդ որում, մտածում են, որ եթե թուրքական են, ուրեմն լավն են, ինչքան շատ լցնեն, այնքան լավ: Իսկ արդյունքում տուժում է սպառողը», – Հավելել է Ֆ. Հայթյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգությանն պետական ծառայությունը մշտապես պետք է վերահսկի հացի որակը եւ հասարակությանն իրազեկի ստուգումների արդյունքների մասին: