Մեքսիկայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ է անում հետաքննել այն տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ի ԱԱԳ-ն կոտրել է Մեքսիկայի նախագահի փոստը:
ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած տեղեկությունների համաձայն` ԱԱԳ-ին 2010թ. հասանելի էր դարձել Մեքսիկայի նախագահի փոստը, հաղորդում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Der Spiegel գերմանական թերթը:
2010թ. մայիսին ԱԱԳ-ն զեկուցել էր Մեքսիկայի նախագահի հասցեն կոտրելու մասին: Բացի Ֆելիպե Կալդերոնի նամակագրության հասանելությունից` ԱԱԳ-ին հասանելի էին դարձել նաեւ մեքսիկացի նախարարների նամակները:
Ավելի վաղ Սնոուդենի կողմից լրագրողներին տրամադրած տեղեկություններից հայտնի էր դարձել, որ 2012թ. ամռանը ԱԱԳ-ն զբաղվել էր Մեքսիկայի նախագահի թեկնածու Էնրիկե Նիետոյի նամակագրությանը հետեւելով, որն անցյալ տարվա վերջում հաղթել էր երկրի նախագահական ընտրություններում: Շարունակվել է արդոյք նրան հետեւելու գործընթացը նախագահ դառնալուց հետո` չի հաղորդվում:
Մեքսիկայի ԱԳՆ-ն հայտնել է, որ նման պրակտիկան անընդունելի է, անօրինական եւ հակասում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























