Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նախագահ ընտրվելու կապակցութկամբ շնորհավորել են բոլոր մրցակից թեկնածուները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Հարցին, թե նույնիսկ Հովիկ Հովեյանն է շնորհավորել, ում հետ հրապարակային՝ լրատվամիջոցներով, բանավեճ էր անում, ՀԳՄ նորընտիր նախագահն ասաց՝ «անպայման»: Թե որն է լինելու Էդվարդ Միլիտոնյանի առաջին քայլը նոր պաշտոնում, նա նշեց, որ նախեւառաջ շնորհակալություն պետք է հայտնեն իրենց աշխատողներին, ովքեր երկու օր տանջվել են:

Նա նշեց, որ երեկ՝ ընտրվելուց հետո, իր ընկերները, թեկնածուներից երկու հոգի, եկել են եւ «ոտքի վրա» իրար շնորհավորել են, որ իրար հետ են աշխատելու: Էդվարդ Միլիտոնյանն նաեւ ասաց, որ սպասվածից  քիչ ձայն է ստացել: «Սպասելիքներն ավելին էին, չգիտեմ՝ ինչու այդպես ստացվեց, մարդու սպասելիքները միշտ իր հետ են, մարդը սպասում է ավելին, քան օբյեկտիվորեն կարող է լինել, դա մարդու բնույթին համապատասխան է»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Անդրադառնալով երեկ ՀԳՄ նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած վիճաբանություններին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ վիճաբանությունները միշտ էլ կլինեն, «մեր միությունը վիճաբանությունների միություն է, այնպես որ յոթը գրող կարող է  յոթը կարծիք հայտնել, դա վիճաբանություն չէ, կարծիքներ են, պետք է ասվեն»: Դիտարկմանը, թե նորմա՞լ է, որ մտավորական սերուցք համարվող գրողները իրար «ԿԲԳ-իշնիկ» եւ այլ բաներ են ասում, ՀԳՄ նորընտիր նախագահն ասաց, որ ինքը չափանիշներ մշակող չէ, ամեն մարդ ինքն է իր գլխի տերը: 

Հիշեցնենք, որ  ՀԳՄ նախագահ է ընտրվել Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4,  ձայն:  Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գրողների միության արտահերթ համագումարն, ավանդույթի համաձայն, անցել է բուռն եւ թեժ մթնոլորտում:

Գրողները վիճել են հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհել են, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա: Ընթացքում գրողներն իրար մեղադրել են ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, նաեւ վեճ է ծագել հաշվիչ հանձնաժողովի կազմը ձեւավորելու կարգի շուրջ:Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:

Նշենք, որ Գրողների միությունը ունի 520 անդամ: