Հնդկաստանում բռնված ամերիկյան Seaman Guard Ohio նավից Ուկրաինայի մի քաղաքացի փորձել է ինքնասպան լինել, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ըստ ոմանց` խոսքը գլխավոր ինժեներ Վալերի Սիդորենկոյի մասին է, մյուսներն էլ հայտնում են, որ  ինքնասպանության  փորձ է կատարել նավապետ Վալենտին Դուդնիկը: Հնդկաստանի ոստիկանությունը հերքում է այդ տեղեկությունները: 

Ինժեներ Վալերի Սիդորենկոն հոկտեմբերի 19-ին փորձել էր կախվել, սակայն վերջին պահին նրան խանգարել էին նավը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնում է АsianАge հրատարակչությունը: Ըստ  այդ հրատարակչության տեղեկության` ժամանած ոստիկանները տարել էին  Սիդորենկոյին եւ Դուդնիկին եւ երկուսին էլ տեղափոխել  հիվանդանոց, որից հետո կալանավորել էին:

Միեւնույն ժամանակ տեղի The Telegraph հրատարակչությունը, վկայակոչելով  ոստիկաններին, հայտնում է, որ 60-ամյա նավապետ Դուդնիկը փորձել է կախվել իր նավախցում` հոկտեմբերի 19-ին, սակայն նրան նկատել է պահակը եւ օգնության կանչել գործընկերներին, որոնք ներխուժելով խցիկ` կանխել են ինքնասպանությունը:

Ամերիկյան AdvanFort ընկերությանը պատկանող եւ Սյերա Լեոնեի դրոշով Seaman Guard Ohio նավը կանգնեցվել էր Հնդկաստանի ափային պահպանության ծառայության կողմից` հոկտեմբերի 12-ին: Նավում հայտնաբերել էին 35 ինքնաձիգ եւ 5 հազար փամփուշտ:

Նավում եղել է 35 մարդ` 10 նավաստի  (երկու ուկրաինացի եւ ութ հնդիկ) եւ 25 պահակ  (14 էստոնացի, վեց բրիտանացի, չորս հնդիկ եւ մեկ ուկրաինացի), հայտնում է «segodnya.ua»-ը:

33 մարդ 14 օրով կալանավորվել են եւ գտնվում են բանտում: Նավապետը եւ ավագ մեխանիկը, որոնք Ուկրաինայի քաղաքացի են, մնացել են նավեւմ: Նրանց մեղադրում են ապօրինի կերպով դիզելային վառելանյութ գնելու մեջ: