Աֆղանստանում իրավիճակը վատթարանում է, եւ ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո ավելի կվատթարանա: Այս մասին հոկտեմբերի 21-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` խոսելով Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու վտանգների մասին:
Ըստ նրա համոզման` ՀԱՊԿ անդամ երկրների փորձագետների գնահատականները հանգում են նրան, որ անկայունությունն Աֆղանստանում միայն կաճի: «Բնականաբար, այդ անկայունությունը կազդի ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների վրա: Մեզ շատ է անհանգստացնում Աֆղանստանի տարածքում գրոհայինների պատրաստումը: Մենք տեսնում ենք` ինչ է կատարվում Սրիայում: Ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց մեր պետությունների քաղաքացիներից այդ ճամբարներում պատրաստված գրոհայինները իրավիճակի ապակայունացման փորձեր անեն հենց հայրենիքում», - մտահոգություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժան, ընդգծելով, որ ներկայումս անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























