Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիայում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների եւ առաջարկություններ է սպասում ադրբեջանական կողմից:
«Հայաստանի նախագահը պետք է ուշադիր լինի ԼՂ հարցով իր հայտարարություններում, որովհետեւ ադրբեջանական կողմը բազմիցս ներկայացրել է իր առաջարկությունները: Մեր նախաձեռնությունները ներառված են մադրիդյան սկզբունքներում»,- ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ազիմովը՝ հավելելով, որ հիմա հերթը Հայաստանինն է, որը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել «մարդիդյան նորացված սկզբունքների» վերաբերյալ:
«Հայաստանի նախագահը պետք է լրջորեն քննարկի այդ հնարավորությունները, եթե ցանկանում է, որ ժողովուրդն ապրի ադրբեջանցիների հետ խաղաղության եւ երկար համագործակցության պայմաններում: Ժամանակը սեղմում է: Իմ կարծիքով, հայկական կողմը օգտագործում է ոչ խելամիտ միջոցներ, որպեսզի ժամանակ շահի, սակայն չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի: Որովհետեւ նա մի կողմից պետք է հետեւի միջազգային իրավունքի նորմերին, մյուս կողմից օգտվի եւ գնահատի խաղաղության ու փոխզիջման Ադրբեջանի ձգտումը` այդ խոսքի ամբողջ իմաստով: Եթե չգնահատի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, իհարկե, Ադրբեջանը կապահովի իր հայ քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Ազիմովը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը պնդում է, որ գոյություն ունեն մադրիդյան սկզբունքներ, որոնք ներկայացվել են դեռ 2007-ին եւ Հայաստանը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք, եւ կան առաջարկություններ, որոնք ներկայացրել է այս կամ այն կողմը: Իսկ Ադրբեջանը, ըստ հայկական կողմի, խեղաթյուրում է իրականությունը, խոսելով նորացված սկզբունքների մասին:




























