ԱՄՆ-ի իշխանությունները կվերանայեն հետախուզման մեթոդները` ամերիկացի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ անձնական կյանքի իրավունքը չխախտելու հավասարակշռությունը գտնելու համար, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում քննարկել է վերջերս լրատվամիջոցներում հայտնված լուրը` ֆրանսիացի քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ: Այդ բացահայտումների մի մասը, ասվում է հայտարարության մեջ, «խեղաթյուրում է փաստերը, իսկ մյուս մասն էլ մեր դաշնակիցների եւ բարեկամների մոտ օրինաչափ հարցեր է առաջացնում մեր կիրառած միջոցների վերաբերյալ»: Նաեւ ասվում է, որ «նախագահը հասկացրել է, թե ԱՄՆ-ն սկսել է վերանայել հետախուզական տվյալներ հավաքելու իր միջոցները», հայտնում է Reuters-ը:
Agence France-Presse-ը, վկայակոչելով Ֆրանսուա Օլանդի աշխատակազմին, հայտնում է, որ Օբամայի հետ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր «խորին անհամաձայնությունը» ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործողությունների հարցում:
Հոկտեմբերի 21-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ նման հետախուզմամբ զբաղվում են «բոլոր պետությունները»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, չհերքելով լրտեսության փաստը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ֆրանսիայի հետ երկկողմ քննարկում անցկացնել` խնդիրը կարգավորելու նպատակով:
Ֆրանսիան դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի գործողություններից, երբ ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել էր ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած տվյալները` ֆրանսիայի քաղաքացիներին ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից հետեւելու մասին:





























