Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունն իրականացրած մահապարտ կնոջ` Նաիդա Ասիյալովայի քաղաքացիական ամուսին Դմիտրի Սոկոլովը Մախաչկալայում գործող հանցախմբի պայթեցման գլխավոր մասնագետն է, գրում է «Կոմերսնատը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: 

Հենց Սոկոլովն է Նաիդային նախապատրաստել ահաբեկչությանը: Հենց նա էլ ժամանակին կազմակերպել էր մահապարտ Մադինա Ալիեւայի  ինքնապայթեցումը, որը 2013թ. մայիսի 25-ին ահաբեկչություն էր գործել Մախաչկալայում:

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնոյում բնակվող Սոկոլովը  Նաիդա Ասիյալովայի հետ ծանոթացել էր համացանցի միջոցով: Այդ ժամանակ Սոկոլովն արդեն տարվել էր կրոնով, զենքով եւ պայթուցիկ սարքերի պատրաստմամբ:  Ասիյալովան Սոկոլովից 10 տարով մեծ էր, եկել էր նրա մոտ` Մոսկվա: 2012թ. հուլիսին Ասիյալովայի ազդեցության տակ` Սոկոլովը Դաղստան էր մեկնել, որտեղ միացել էր Մախաչկալայի հանցախմբին` դառնալով Աբդուլ Ջաբար:

Ասիյալովան երեք տարի առաջ դադարել էր շփվել մոր հետ եւ միշտ փոխել էր բնակության վայրը: Նա կանացի ջամաթի միջավայրին էր պատկանում եւ Դաղստանի խմբավորումներում նոր մասնակիցներ էր ներգրավում:

Վոլգոգրադի ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի ցերեկը` ուղեւորատար թիվ 29 ավտոբուսում: Պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ եւ մահապարտուհի Նաիդա Ասիյալովան: Ըստ վերջին տվյալների` վիրավորվել է 43 մարդ: Հոկտեմբերի 22-ի գիշերը չորս տուժածներ բուժման համար Մոսկվա են ուղարկվել:

Պայթունի վայրում ոստիկանությունը հայտնաբերել էր դաղստանցի 30-ամյա Նաիդա Ասիյալովայի անձնագիրը: Բաց դրանից` ավտոբուսում հայտնաբերվել էին ռումբի բեկորներ եւ մեկ չպայթեցված ռումբ: