«Գործընթացն ուղղակիորեն որեւէ անձի հետ շաղկապված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցադրման, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մանրամասնելով պարզաբանումները` պարոն Հարությունյանն ասաց. «Դրանք իրականության հետ աղերս բացարձակապես չունեն: Տասը տարվա մշտական բնակության պահանջը մեր սահմանադրական նորմն է, եւ հաշվի առնելով Եվրոպայի վերջին զարգացումները, երբ մենք քննարկում էինք 2011-ին մեր ընտրական օրենսգիրքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջարկել էին մեզ անդրադառնալ այդ հարցին` ինչին ի պատասխան նշել էինք, որ խնդիրը վերաբերում է սահմանադրական նորմին եւ հարցին անդրադարձ կկատարենք: Չնայած Եվրոպան այդ պահանջը «ծայրահեղ կոշտ» է համարում, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք անպայմանորեն ընդունելու ենք այդ առաջարկությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում եվրոպական երկրներում էլ կան նման կոշտ պահանջներ: Հարցադրումը բոլորի համար է բարձրացված»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):