Մաքսային միությանը միանալու փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, եւ թե Ռուսաստանը. մենք ուղղակի ողջունում ենք դա: Այս մասին, հոկտեմբերի 20-ին, Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ  համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք Ղարաբաղը եւս կմտնի Մաքսային միություն, Բակո Սահակյանը պատասխանել է, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։

«Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք եւ կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- ասել է Բակո Սահակյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նշել է, թե ի տարբերություն Ադրբեջանի, Ղարաբաղում բարձր են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ ընդգծելով, որ միջնորդների ջանքերի շնորհիվ է նաեւ, որ այսօր Ղարաբաղում հարաբերական խաղաղություն է տիրում։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մենք լիարժեք մասնակցություն ունենանք բանակցային գործընթացում։ Մենք միշտ ասում ենք, որ հարգանքով ենք վերաբերում միջնորդական առաքելությանը։ Բայց եւ այնպես վերջնական խաղաղության հասնելու համար այդ գործընթացին պետք է մասնակցի նաեւ Ղարաբաղը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ»,- հայտարարեց Բակո Սահակյանը։

Ռուսաստանցի լրագրողները Լեռնային Ղարաբաղի նախագահից նաեւ հետաքրքրվեցին, թե  թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունն առ այսօր պաշտոնապես չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

«Որովհետեւ Հայաստանն այսօր Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ  ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Եվ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը  կընկալվի որպես պոպուլիստական քայլ։ Այսօր մենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղում ենք Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ասել է  Սահակյանը։