Կոլումբիացի վարձկանները մտադիր էին սպանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ընդամենը 20 մլն պեսոյի՝ մոտ տաս հազար դոլարի, դիմաց: Նման թիվ է հրապարակել երկրի ՆԳ նախարար Միգել Տորրեսը:
Նրա խոսքով՝ վերջերս Կոլումբիա կատարած այցի ժամանակ համոզվել է, որ այդ երկրի կոմպետենտ մարմինները շարունակում են հետաքննել երկու կոլումբիացիների գործունեությունը, որոնք ձերբակալվել էին Վենեսուելայում՝ երկրի նախագահ Մադուրոյի եւ խորհրդարանի խոսնակ Դյոսդադո Կաբելյոյի վրա մահափորձ կատարելու կասկածանքով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Օգոստոսի վերջին ՆԳ նախարարը հայտարարել էր երկու կոլումբիացի վարձկանների ձերբակալության մասին: Նրանց հետեւել են վենեսուելական հետախուզության գործակալները՝ սահմանը հատելուց ի վեր: Նրանց մոտ հայտնաբերել են զենքեր, Մադուրոյի եւ Կաբելյոյի լուսանկարները եւ մի քանի այլ իրեր:
Ձերբակալվածների մի շարք մեղադրանքներ էին առաջադրվել:





























