Զբոսաշրջության զարգացման ծրագրիրը նախատեսում է 2010 թվականին 5 տոկոսով ավել զբոսաշրջիկների ընդունել Հայաստան։ Մարտի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Նշելով, որ 5 տոկոսանոց աճը ամրագրված է որպես նպատակ, նա նկատեց, որ այդ կանխատեսումներն իրական են. «5 տոկոս աճ գրանցելու կանխատեսումները հիմնավորված են մինչ այժմ իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումներով, ինչպես նաեւ համաշխարհային զբոսաշրջության զարգացումների վերլուծություններով»։
Անդրադառնալով իրանցի զբոսաշրջիկների՝ Նովրուզը Հայաստանում դիմավորելու թեմային՝ Մ. Ապրեսյանը նշեց, որ այցելուների աննախադեպ մեծ թիվը պայմանավորում է պետության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ. «Սա վարվող պետական քաղաքականության եւ շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության արդյունք է»,- համոզմունք հայտնեց վարչության պետը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ խիստ կարեւոր է նաեւ «մուլտիպլիկացիայի էֆեկտը». «Մեկ գոհ զբոսաշրջիկ, նշանակում է տասնյակ գոհ այլ մարդիկ, ովքեր տպավորվելով ընկերոջ կամ բարեկամի պատմածներից՝ եւս ցանկություն են ունենում այցելել տվյալ երկիր»,- ընդգծեց Մ. Ապրեսյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, այս օրերին բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկների ընդունած «Տաթեւ» տուրիստական ընկերության նախագահ Առլեն Դավթյանն իր հերթին նշեց, որ իրանցիների այցելությունները Հայաստան մեծապես պայմանավորված են հայերի հանդեպ տածած հարգանքով եւ վստահությամբ. «Իրանում հայերը հատուկ հարգանք են վայելում»,- շեշտեց նա՝ միեւնույն ժամանակ կարեւորելով այն փաստը, որ Իրանն ու Հայաստանը աշխարհագրորեն խիստ մոտ են միմյանց, եւ բացի այդ՝ մեր երկրում տարեցտարի բարելավվում է մատուցող ծառյայությունների մակարդակը։ Ա. Դավթյանի տեղեկացմամբ, այս տարի, անցած տարվա համեմատությանբ, Հայաստանն ընդունել է 40 տոկոսով կամ 11000-ով ավելի իրանցի զբոսաշրջիկների։ «Սպասվում է, որ իրանցիների հոսքը Հայաստան կդիտվի մինչեւ մարտի 31-ը։ Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Իրանից եկել են մարտի 21-22-ին՝ օրական ավելի քան 30-40 ավտոբուս եւ մինչեւ 3000 մարդ՝ նախատեսված 27 չվերթերով»,- տեղեկացրեց ընկերության նախագահը։
Ասուլիսի բանախոսները կարեւորեցին նաեւ հյուրանոցային ծառայությունների որակի բարձրացման հարցը։ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ, 2000 թ. համեմատ հյուրանոցների թիվը, ճիշտ է, ավելացել է, սակայն կարիք կա կատարելագործել մատուցվող ծառայությունները եւ զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքները. «2000 թ. Երեւանում ընդամենը 3-4 հյուրանոց կար, իսկ այսօր Հայաստանի ողջ տարածքում 170 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ են հաշվվում, այդ թվում՝ 70 հյուրանոցներ Երեւանում եւ մարզերում»,- հստակեցրեց նա՝ իրանցի զբոսաշրջիկների պարագայում պակաս կարեւոր չհամարելով նաեւ մուտքի վիզայի վճարի չափը, որը նախկին 15000 դրամի փոխարեն այսօր ընդամենը 3000 դրամ է կազմում։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանում ի՞նչ չափով է ազդել զբոսաշրջության վրա՝ Մ. Ապրեսյանը նկատեց, որ 2009-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 575 հազար 281 մարդ՝ 2008-ի 558 հազարի դիմաց։




























