«Ժառանգություն» կուսակցությունում չգիտեն, թե ինչ պատճառով է համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվում իր պաշտոնից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը խորհրդարան էր եկել պարզելու համար Հակոբյանի հրաժարականի պատճառները:
Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցությունը փակ նիստ է անցկացրել, որին մասնակցել են Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Նիստից հետո ԱՐմեն Մարտիրոսյանը շփվել է լրագրողների հետ:
Մարտիրոսյանը չի բացահայտել նիստի մանրամասները, նշելով, որ ինքն ամբողջական տեղեկատվություն չունի: «Հակոբյանի որոշումն ինձ համար անակնկալ էր, քանի որ այդ հարցը չի քննարկվել կուսակցության վարչությունում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատել է իր հրաժարականի մասին տեղեկությունը, սակայն դրա վերաբերյալ խորհրդարանում պաշտոնական հայտարարություն չի եղել: Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է նշել իր քայլի պատճառները:





























