«Ժառանգություն» խմբակցության ղեկավար է դարձել Զարուհի Փոստանջյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր խմբակցության քարտուղարի պաշտոնը: «Ժառանգություն» խմբակցության նիստը կայացել է այսօր: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես ներկա է եղել այդ նիստին՝ հյուրի կարգավիճակով:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար է դարձել Թեւան Պողոսյանը: Մարտիրոսյանի խոսքով՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարականի անձնական որոշում է կայացրել եւ դա կապված չէ քաղաքական կամ ներկուսակցական հարցերի հետ:

Իր հերթին Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հակոբյանի որոշումն անսպասելի է եղել: «Մենք չգիտեինք, որ նման որոշում է լինելու, սակայն այն կապված չէ ստրասբուրգյան իրադարձությունների հետ: Ես մնում եմ իմ կարծիքին, մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք՝ տարբեր մոտեցումներով»,-ընդգծեց Փոստանջյանը:

Նշենք, որ նիստին մասնակցել են Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը եւ Ալիկ Արզումանյանը: Փոստանջյանի օգտին քվեարկել են բոլոր ներկաները: