Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը աբսուրդի գագաթնակետ է անվանել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումները, որ «հայերը չեն վերադարձնում ականի վրա պայթած Ադրբեջանի քաղաքացու դին»:
«Սա աբսուրդի գագաթնակետն է: Մեզ ոչ-ոքի դիակն էլ պետք չէ: Մենք սկզբից եւեթ ասել եւ կրկնում ենք. եթե ադրբեջանական կողմին հայտնի է զոհվածի մարմնի գտնվելու վայրը, մենք պատրաստ ենք աջակցել նրա որոնմանը եւ վերադարձնելուն», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները:
Հոկտեմբերի 6-ին Ղազախի շրջանի Ղուշչու Այրըմ գյուղի բնակիչ Վեզիր Ալիեւը, Ալփոուդ գյուղի բնակիչ Հագանի Մաղերամովը եւ նույն շրջանի բնակիչ Ալի Ալիեւը, որոնելով կորած անասուններին, չեզոք գոտում պայթել էին ականի վրա: Ա. Ալիեւը պայթյունի հետեւանքով զոհվել էր: Նրա մարմինը մնացել էր պայթյունի վայրում, իսկ տուժածներ Հ. Մաղերամովին եւ Վ. Ալիեւին տեղափոխել էին հիվանդանոց:
ԿՄՄԿ-ն որպես միջնորդ է հանդես գալիս՝ կողմերի միջեւ երկխոսություն իրականացնելու համար:





























