Կոտայքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխելու են Վիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ վերջինիս վիճակը լավ է, կայուն: Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ դերասանը պատրաստ է անգամ հումորներ անելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի վնասվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: Ավելի ուշ Վազ 2121 մակնիշի մեքենայից եղբայրներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, նրանց չորս երեխաների վիճակը ծանր է: Դեպքի առթիվ, ոստիկանության փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:





























