Թուրքիայում բազմաթիվ սկանդալային հրապարակումների, այդ թվում «Լեռներում լքված լեյտենանտը», «Գլխավոր շտաբի հակապարտիզանական ծրագիրը», «Մեդիայի տերը», «Էրգենեկոնի հետ համագործակցությունը», «Էրգենեկոնի հիմնական փաստաթուղթը» եւ վերջերս հրապարակված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը», (Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Ֆեթհուլահ Գյուլենի վերացման ծրագիր) հեղինակ Մեհմետ Բարանսուն պատասխանում է «Yeni Aktuel»-ի հարցերին։

Այս տարի «Taraf» թերթում ձեր հրապարակած տեղեկությունը Թուրքիայում լուրջ իրարանցման եւ քննարկումների պատճառ դարձավ։ Սկզբից կցանկանայինք ձեզ հետ ծանոթանալով սկսենք։ Պատմեք ձեր արմատներից, ընտանիքից։

Իմ պապերը ապրել են Իգդիրի դիմաց գտնվող մի գյուղում, որը ներկայումս գտնվում է Հայաստանի տարածքում։ Իմ նախնիները ռուս-թուրքական պատերազմի պատճառով ստիպված լքել են բնակավայրը եւ, քանի որ հույս են ունեցել կրկին վերադառնալ իրենց գյուղ, տեղավորվել են Արդահանի գյուղերից մեկում։ Մեր ազգականներից շատերը տեղափոխվեցին Վան եւ Աղրը։ Ռուսաստանի դեմ պատերազմում մեր ընտանիքից 70 զոհ ենք տվել։

Արեւելքում անցկացրած ձեր մանկությունը ձեզ վրա ինչպե՞ս է ազդել։ Ձեր տեսակետների, հայացքների վրա ինչպիսի՞ արձագանք է ունեցել:

Մեր գյուղը բավականին մեծ գյուղ էր։ Մեր գյուղից ընդամենը մեկ PKK-ի զինյալ դուրս եկավ։ Դրա պատճառով երբեմն զինվորները ճնշում էին մեր գյուղը։ Պապս ասում էր, մի հոգու սխալի պատճառով պետք չէ ամբողջ պետությունից նեղանալ։ Ես քուրդ եմ, բայց թուրքի չափ սիրում եմ այս երկիրը։ Հանուն հայրենիքի պատրաստ եմ մեռնել։ Իմ նախնիները հանուն այս երկրի բազմաթիվ զոհեր են տվել։ Մենք այս երկրին նայում ենք, ինչպես երկրի իսկական տերեր։ Իմ ընտանիքում նույնիսկ ամոթ է եղել հիշատակել քուրդ, թուրք, չերքեզ կամ այլ ազգության ներկայացուցիչ լինելը։ Իմ կինը թուրք է, երկու քույրերիս ամուսինները թուրք են։

Ձեր լրագրողական արկածները ինչպե՞ս սկսեցիք։

Ավագ դպրոցում սովորելու ժամանակ մի լրագրողի հետ էի ծանոթացել, որ սպանվեց։ Այդ դեպքից շատ էի ազդվել։ Այդ ժամանակ որոշեցի ընտրել լրագրությունը եւ ընդունվեցի լրագրության բաժին։ Սկզբում աշխատանքային փորձ եմ ձեռք բերել «Aksam» թերթում, այնուհետ ընկերոջս օգնությամբ մտել եմ «Aksiyon» թերթի խմբագրություն։ Այդ ընթացքում եղել եմ Իրաքում եւ լրատվության համար շրջել եմ Մերձավոր Արեւելքով։ «Aksiyon»-ում աշխատելիս մաքսանենգության հետ կապված մեծ քանակությամբ փաստեր եմ հավաքել։ Վառելիքի մաքսանենգության մասին ես եմ տեղեկություններ հաղորդել եւ դրա հիման վրա խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Բացի այդ Թուրքիայում շատ մաքսանենգ ապրանքներ էր, մտնում, այդ թվում միսը, որը բանակին էլ էր բաժանվում։ Անհայտ ծագմամբ մսի մասին մեր մտահոգությունները հայտնեցինք զինվորականներին։ Սկսվեց հետաքննություն։ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը հետաքննություն սկսեց նաեւ մաքսանենգ հեղուկ վառելանյութի հետ կապված իմ հրապարակած հոդվածի պատճառով։ Այդ ընթացքում Ժանդարմերիայում շատ մարդկանց հետ ծանոթացա։

Այդ ժամանակվա ժանդարմերիայի հետ ձեր ծանոթությունը օգնե՞լ է, «Taraf»-ում բանակի հետ կապված ձեր հրապարակումներին։

Ոչ միայն այդ։ Երբ Մերձավոր Արեւելքում անկայուն իրավիճակ էր, որպես լրագրող զինվորական հսկողությամբ էինք գնում։ Հետեւում էինք օպերացիաներին եւ ուզած-չուզած զինվորականների հետ զրուցում էինք, ծանոթություններ էինք ստեղծում։ Այն ժամանակ ծանոթացած կապիտանը հիմա արդեն գնդապետ կամ գեներալ է։ Այո, նրանք տեղեկատվության հարցում ինձ աջակցում են։ Թերթին տեղեկություններ տարբեր ճանապարհներով է հասնում։ Մենք ուսումնասիրում ենք, ճշտում եւ գրում ենք։

Շարունակելի