Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտեւսի եւ Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան - Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող ինտենսիվ փոխայցելությունները: Նախարարը հավելեց նաեւ, որ երկկողմ համագործակցության համար կարեւոր է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:

Լատվիացի խորհրդարանականները արտգործնախարարին ներկայացրեցին իրենց այցելության նպատակները՝ քննարկել երկկողմ փոխգործակցությունն առավել ամրապնդելու եւ զարգացնելու համատեղ քայլերը։

Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում լատվիացի խորհրդարանականները ողջունեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ԵՄ հետ համակողմանի փոխգործակցությունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին այդ մտադրությանը: