Հատուկ ծառայությունների կողմից սպանված Բոսթոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներից Թամերլան Ցարնաեւը հանցակից է եռակի սպանության: Այս մասին հայտարարել են Ցարնաեւի կրտսեր եղբոր` Ջոհարի, գործով զբաղվող դատախազները:
Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ եռակի սպանությանը Ցարնաեւ ավագի հանցակցության մասին հարցաքննության ժամանակ պատմել է նրա ծանոթ Իբրահիմ Տոդաշեւը: Խոսքը 2011թ. կատարված սպանության մասին է: Կտրել էին երեք տղամարդկանց կոկորդը, իսկ հետո սպանվածների մարմինների վրա մարիխուանա էին լցրել: Սպանվածներից մեկը ծանոթ էր եղել Թամերլան Ցանաեւին:
Ավելի վաղ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել էին, որ քննում են սպանությանը Թամերլան Ցարնաեւի հնարավոր հանցակցության հարցը, սակայն չէին նշել, որ Տոդաշեւը նրա դեմ ցուցմունք է տվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Չեչեն Տոգդաշեւը ՀԴԲ-ի գործակալների կողմից սպանվել էր Ֆլորիդայում, մայիսի 22-ին: Ավելի ուշ գերատեսչությունը խոստովանել էր, որ Տոդաշեւը սպանության պահին անզեն էր եղել:
Հիշեցնենք, որ Ջոհար Ցարնաեւը ապրիլի 15-ին Բոսթոնում իրականացված ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչն է: Ինքնաշեն ռումբերի պայթյունի հետեւանքով զոհվել էր երեք մարդ, 260 մարդ էլ վիրավորվել էին: Ըստ քննության` 19-ամյա Ջոհարը հանցագործությունը կատարել էր իր եղբայր Թամերլանի հետ, որը մի քանի օր անց սպանվել էր ձերբակալման գործողության ընթացքում:





























