Հոկտեմբերի 22-ին 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի տնտեսագետ Լոուրենս Քլեյնը:
1920թ. սեպտեմբերի 14-ին Նեբրասկա նահանգի Օմահեում ծնված Քլեյնը ավարտել էր Բերքլիի համալսարանը, հետո դոկտորի աստիճան ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: 1958թ. նա դասախոս էր դարձել Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ աշխատել է մի քանի տասնյակ տարի:
Փենսիլվանիայի համալսարանում Քլեյնն զբաղվել է տնտեսաչափական մոդելների ստեղծմամբ, որոնք ստացել են Ուորթոնյան անունը, որի համար էլ 1980թ. դարձել էր տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր:
Իր մոդելների սկզբնական տարբերակը Քլեյնն օգտագործել է հերքելու համար տարածված այն կարծիքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը տնտեսական ճգնաժամ կառաջացնի ԱՄՆ-ում, հայտնում է lenta.ru-ն: 1946թ. նա կանխատեսել էր, որ ապրանքների պահանջարկը, մարտադաշտից վերադարձած ամերիկացիների գնողունակության համադրությամբ, կհանգեցնի տնտեսական վերելքի: Ավելի ուշ նա նույնքան ճիշտ կանխատեսել էր, որ Կորեայի պատերազմի ավարտից հետո միայն մի փոքր անկում կլինի:
1960-ականներին Քլեյնը զբաղվել է մի շարք երկրների, այդ թվում` Ճապոնիայի եւ Իսրայելի համար տնտեսական մոդելներ ստեղծելով: 1976թ. նա եղել է ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի խորհրդականը` վերջինիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:




























