Բելգիայում եւ Հոլանդիայում Պարույր Հայրիկյանին առաջարկել են հպատակություն եւ ամբողջական բուժօգնություն: Այս մասին այսօր հոկտեմբերի 23-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ մեր բոլոր հերոսները փախնող են՝ սկսած Փոքր Մհերից:

«Բայց միշտ ասել եմ, ամեն հայ պետք է լինի այն վերջին կաթիլը, որը լցնում է համբերության բաժակը: Ես այդպես էլ նայում եմ իմ ճակատագրին: Հիշեցի նաեւ, թե ինչպես Անդրանիկը լքեց երկիրը: Հիշեցի նաեւ, թե ինչպես էին «Մահ կամ ազատություն» հոխորտում որոշ գործիչներ ու լքեցին երկիրը: Միաժամանակ եկա այն համոզման, որ եթե չկարողանամ ինչ-որ բան կերտել, կկերտեմ անմնացորդ հայրենիքին նվիրված կերպար: Ես այդ ամենը հիշելով չնդունեցի առաջարկը»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ընդամենը երեք ամիսը մեկ պետք է գնա բուժման գա:

Նա նաեւ ասաց, որ եթե որոշի հանկարծ չվերադառնալ, կդառնա  գնացած եւ չվերադարձած ազգային հերոսներից մեկը: Իսկ հարցին, թե այնտեղ ինչով է զբաղվելու, Հայրիկյանն ասաց, որ միայն հուշերը գրի առնելու մի ամբողջ կյանք չի բավականացնի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am