Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում (Երևան, Պարոնյան 21/1), ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին (նստավայրը` Մոսկվա) հոկտեմբերի 24-ին կստորագրեն պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը 92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:
Պայմանագրի ստորագրմանը ներկա կլինի նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից դասարաններում:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության եւ կարողությունների գնահատում:
Արդյունքում պարզվել էր, որ սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր կրթական գործընթացի որակի վրա:
Կարեւորելով բարեկարգ պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը եւ խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն նախաձեռնել էր միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն, որի նպատակն էր աջակցել դպրոցի վերանորոգմանը եւ ուսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման ծրագիր էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը, որը դրական արձագանք էր ստացել` արժանանալով դրամաշնորհի:
Դպրոցի առաջին հարկի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին, եւ նույն թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա գտնվեցին ՀԿԽԸ նախագահը, ՀՀ Արարատի մարզպետը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք:





























