Երեւանում տրանսպորտի ուղեվարձի խնդիրը մարդկանց վճարունակության մեջ է: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանական Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ անցկացվող քննարկումները:
«Հասարակությունը որակյալ ծառայություներ է ցանկանում: Սակայն կա գնաճ, այդ թվում նաեւ` գազի: Դա չէր կարող սակագնի վրա չանդրադառնալ: Վստահ եմ, որ նվազագույն մակարդակի ծառայության համար սակագնի աճն անխուսափելի է: Այնպես որ, գների բարձրացումն արդարացված կլիներ: Հարցն այլ է. բնակչության վճարունակությունը բարձր չէ: Մենք հենց այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Պետք է ավելի բարձր եկամուտներ ապահովենք քաղաքացիների համար», – ասել է Այվազյանը:
Մի շարք ՀԿ-ների քննադատությունների առթիվ, որոնք տրանսպորտի բիզնեսը շահութաբեր են համարում, նա հիշեցրել է, որ վերջին շաբաթներին հայտերի բացակայության պատճառով երթուղիների 7 մրցույթ տեղի չի ունեցել: «Մի՞թե մեր բիզնեսը չի ցանկանում աշխատել եւ շահույթ ստանալ: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Եթե ես քաղաքապետարանում աշխատեի, այդպես էլ կասեի ցուցարարներին. եթե կարծում եք, որ 100 դրամը այդպիսի գերշահույթ է բերում, ապա ահա ձեզ երթուղիները: Աշխատեք այդ 100 դրամներով: Իսկ եթե ակտիվիստներ կան, որոնք կարծում են, որ մարդկանց կարելի է տանել նաեւ 80 դրամով, ավելի լավ: Սակայն ոչ ոք չի համաձայնի: Եթե մասնավոր հատվածը մշտապես հրաժարվի երթուղայիններից, ապա քաղաքը մի օր կարող է պարզապես «կանգ առնել»: Եվ ուղեւորներին ստիպված քաղաքապետարանն է փոխադրելու: Սակայն եթե սակագինը ոչ շահավետ լինի, դա քաղաքապետարանին էլ ձեռնտու չի լինի: Դա ես կարող եմ ասել քաղաքային տնտեսության կառավարման իմ սեփական փորձով», – հավելել է Այվազյանը, որը 1995 – 99թթ. եղել է Չարենցավանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ներկայումս Երեւանի քաղաքապետարանում ընթանում են քաղաքային տրանսպորտի ինքնարժեքի վերաբերյալ քննարկումներ` պետության, բիզնեսի, հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀԿ-ների մի մասը կարծում է, որ ներկայիս 100 դրամ սակագինն ընդունելի է, եթե ոչ` բարձր: Իսկ ընկերությունների ներկայացուցիչները կարծում են, որ գոնե առանց վնասի աշխատելու համար սակագինը պետք է 150 դրամ դարձնել:




























