Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերջակետ է դրել իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենի եւ հանրապետության հարկային ծառայությունների միջեւ վեճին: Եկամուտների մասին դերասանուհու 1974թ. հայտարարագիրն օրինական է ճանաչվել: Լորենի փաստաբան Ջովանի Դեզիդերին հայտարարել է, որ դերասանուհին երջանիկ է այս «անհեթեթ պատմության ավարտվելու կապակցությամբ»:
Իտալիայի հարկային ծառայությունները բազմիցս պահանջներ են ներկայացրել երկու «Օսկարների» դափնեկրին, որն Իտալիայի ազգային խորհրդանիշներից է համարվում:
1974թ. Սոֆի Լորենը հայտարարագիր էր ներկայացրել իր եւ ամուսնու՝ պրոդյուսեր Կառլո Պոնտիի համատեղ եկամուտների մասին, որտեղ ֆիլմերից ստացված եկամտի մի մասը չէր նշվել: Ձգձգվող դատավարություն էր սկսվել ամուսնական զույգի նկատմամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
1977թ. փետրվարի 8-ին ոստիկանությունը խուզարկել էր Կառլո Պոնտիի գրասենյակը եւ վիլլան: Դրա հաջորդ օրը Պոնտին եւ Լորենը մեկնել էին Փարիզ, որտեղից վերադարձել էին մեկ ամիս անց: Հետդարձի ճանապարհին օդանավակայանում նրանց կանգնեցրել են մաքսավորները եւ հայտարարել, որ կեղծ անվամբ են տոմսեր ձեւակերպել եւ այդկերպ փորձել թաքնվել իշխանություններից:
Հետո Պոնտիին մեղադրել էին ապօրինաբար 22,5 մլն դոլար երկրից հանելու համար, նրան 6 տարվա ազատազրկում էր սպառնում:
1978-ի հոկտեմբերին Պոնտին եւ Լորենը մեղադրվել էին հնագիտական գտածոներին անօրինական տիրանալու մեջ: Ամուսիններին մինչեւ 30 տարվա ազատազրկում էր սպառնում:
1979-ի հունվարին իտալական դատարանը Պոնտիին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման եւ 24 մլն դոլար տուգանքի: Սոֆի Լորենին դատարանն արդարացրել էր, սակայն 1982թ. հարկերից խուսափելու համար դերասանուհուն 30 օրվա ազատազրկման էին դատապարտել: Դերասանուհին 18 օր մնալուց հետո օրինակելի վարքի համար ազատվել էր:





























