Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար ինքնաթիռով Լիբիա մեկնելիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ:
Թուրքական Bugun-ի փոխանցմամբ` լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են մարտի 26-ին վարչապետ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման մանրամասներով: «Պետրոս Շիրինօղլուի եւ իր ընկերոջ հետ քննարկեցինք հայկական համայնքի խնդիրները: 4 ամիս առաջ նրանք Դոլմաբահչեի վարչապետական գրասենյակ էին եկել: Այն ժամանակ ինձ նրանք անօրինական ապրող հայաստանցիների թիվը թյուրիմացաբար այլ կերպ էին ներկայացրել: Նրանք ընդհանուր ասել էին 100 հազար, առանց մանրամասնելու, սակայն իրականում պետք է ասեին 70 հազար Թուրքիայի քաղաքացի եւ 30 հազար անօրինական ապրող հայաստանցի: Ես էլ իրենց ասած 100 հազար թիվն եմ ասել: Պետրոս Շիրինօղլուն այդ թյուրիմացության համար եկավ եւ ներողություն խնդրեց: Շիրինօղլուն հանդիպման ժամանակ հայտնեց, որ անօրինական ապրող հայաստանցիների քանակը 20-25 հազար է: Մենք անօրինական ապրող հայերի հետ կապված որեւէ խնդիր չունենք եւ հանգիստ ենք: Շիրինօղլուն ինձ մոտ էր եկել պահանջով, որ երկարաժամկետ բնակվելու թույլտվություն տանք մի ընտանիքի, ում երեխան հիվանդ է եւ կարիք ունի բուժման: Ասացինք, որ թող հետազոտեն, եթե ճիշտ է, ապա երկարաժամկետ բնակության իրավունք կտանք»,-ասել է Էրդողանը:
Լրագրողները հետաքրքրվել են նաեւ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաների ուսման խնդրով: «Ես հրահանգել եմ, որ այդ խնդրով զբաղվի ազգային կրթության նախարարը: Սակայն օրենքը թույլ չի տալիս, որ այդ երեխաները սովորեն հայկական դպրոցներում: Այժմ դրա հետ կապված աշխատանք ենք տանում»,-ամփոփել է Թուրքիայի վարչապետը:




























