Մարտի 23-ին, Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախօրեին Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի կողմից վերջերս արված հայտարարությունը՝ այդ երկրում, իբր թե, անօրինական գտնվող հայերի վտարման վերաբերյալ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի անդամներ Միրիամ Անալիա Ագիարի, Օմար Հուսայն Հալլարի եւ Աթանասիո Պերես Օսունայի նախաձեռնությամբ միաձայն ընդունված որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Սանտա Կրուս նահանգի խորհրդարանը վճռականորեն մերժում է Թուրքիայի Հանրապետության կառավարության անունից վարչապետ Ռ. Էրդողանի կողմից հրապարակայնորեն հնչեցված սպառնալիքներն՝ իր երկրում, իբր թե, անօրինական գտնվող հարյուր հազար հայերի վտարման մասին, որոնք արվել են ի պատասխան միջազգային հանրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գործած Հայոց ցեղասպանության անվերապահորեն ճանաչման»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիայից կվտարվեն ապօրինի բնակվող հայերը, որոնց թիվը, ըստ Էրդողանի, հասնում է 100 հազարի:




























