Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովում կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորման քայլերի համար:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է եւ ավելացրել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական ողբերությունները գիտենք, իսկ այժմ թշնամություն չունենք: Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչած երկրների մեջ ենք: Սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղը բռնազավթելուց հետո փակեցինք սահմանը: Հիմա էլ ասելով, որ Հայաստանի հետ բարեկամ ենք դառնալու` Ադրբեջանի դեմ դուրս եկանք: Գազի գինը բարձրացրեցին, այսինք, դրա դիմաց վճարեցինք: Դրանք սխալ գործեր են: Քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի գլխին փորձանք դարձավ, Թուրքիային նեղ վիճակի մեջ գցեց»,-նշել է Դենիզ Բայկալը:
Նշենք, որ Բայկալի կուսակցությունը թուրքական խորհրդարան դիմում է ներկայացրել, որում պահանջվում է խորհրդարանում քննարկել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ապագան: Հիշյալ կուսակցության ղեկավարները անընդհատ կոչ են անում թուրքական իշխանություններին՝ խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:




























