Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Անկարա կատարելիք այցի նախաշեմին գերմանական «Der Spiegel» թերթը հարցազրույց է անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ «ոչ մի ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»:

Պարբերականը նշում է, որ « Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղահանվել եւ սպանվել են բազմաթիվ հայեր»:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հայերին տված խոստմանը՝ Թուրքիայի վարչապետն ասել է. «Եթե Օբաման այն ժամանակ արտասաներ „ցեղասպանություն“ բառը, դա նրա կողմից մեծ սխալ կլիներ: Այդ բառը ճշմարտություն չէ միայն նրա համար, որ դա արտասանել է նախագահը: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշմանը, այն կայացվել է հայկական Սփյուռքի ճնշման տակ»:

Բացի այդ, Էրդողանը կրկին սպառնացել է Թուրքիայից արտաքսել ապօրինի բնակվող հայերին: «Մենք դիմում են հայկական Սփյուռքին եւ յուրաքանչյուր երկրի, որ պաշտպանում է Սփյուռքին. Մեր երկրում կան հայեր, որ քաղաքացի են ու կան, որ ապօրինի են բնակվում: Առ այսօր մենք փակել ենք մեր աչքերը, բայց եթե հայկական Սփյուռքը շարունակի նույն կերպ, մենք միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը: