Հայաստանում 2000 գիտնական օգտվում է BSI երկրորդ սերնդի գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ կապուղուց։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը։ Նրա խոսքով՝ գերարագ ցանցից օգտվում են նաեւ 1000 մագիստրանտներ եւ ասպիրանտներ։ Ըստ նրա, ցանցին միացած են մոտ 5000 ինտերնետ օգտագործողներ։

Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի համալսարանական ցանցը եւս միացած է այս կապուղուն, եւ համալսարանների ուսանողների շուրջ 30 տոկոսը օգտվում է արագագործ կապուղուց։

Նշենք, որ Սեւծովյան համագործակցության նախագծի (BSI) շրջանակներում Հայաստանը նախորդ տարի միացել է համաեվրոպական գերարագ GEANT2 ցանցին, որն ապահովում է տվյալների փոխանակման բարձր արագագործություն` հետազոտական եւ կրթական գործունեության համար։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն եւ ԱՐԵՆԱ հիմնադրամը համատեղ աշխատում են, որ ընդլայնեն համաեվրոպական մալուխի ներքին օգտագործման ծավալը։