Մոսկվայի մետրոյում մարտի 29-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունները կարող են վրեժի արդյունք լինել` Կովկասում մի քանի հայտնի գրոհայինների ոչնչացնելու համար: Նման հետեւության են եկել Ռուսաստանի ուժային կառույցների մասնագետները:

Նրանց տվյալներով, այդ ահաբեկչությունները «կովկասյան հետք» ունեն: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով Դաշնային օպերատիվ շտաբին, մետրոյի «Լյուբյանկա», «Պարկ Կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունի հեղինակները մահապարտ կին ահաբեկիչներ են: Դեպքի վայրում կնոջ մարմին է հայտնաբերվել` բնորոշ վնասվածքներով:

«Նախնական տվյալներով, վնասվածքները վկայում են, որ պայթուցիկ սարքը եղել է նրա մոտ»,- ասել է ՌԴ դատախազության հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ռումբի հզորությունը եղել է մոտավորապես 3 կգ տրոտիլին համարժեք:

ՆԳՆ ներքին զորքերը՝ ՆԳ Մոսկվայի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ, ուժեղացված պարեկություն են հաստատել Մոսկվայի մետրոպոլիտենում: Բացի այդ, զինծառայողները հերթապահություն են սահմանել նաեւ քաղաքի փողոցներում:

Երկու պայթյունների փաստի առիթով քրեական գործ է հարուցվել` «ահաբեկչություն» հոդվածով: Գործի քննությունն իր անմիջական վերահսկողության տակ է վերցրել գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը: Առանձին հայտարարությամբ է հանդես գալու նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը եւ ԵՄ-ի միջազգային եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ահաբեկչության փաստի հետ կապված ռուսական արժութային շուկայում այսօր կտրուկ ընկել է ռուբլու փոխարժեքը: Որոշակիորեն թանկացել են դոլարն ու եվրոն:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած 2 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը արդեն հասնում է 4 տասնյակի: