«Հայ-թուրքական գործընթացը, ճիշտ է, կանգառի, փակուղային վիճակում է, բայց այն դեռ կշարունակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նշելով, որ գործընթացի կանգառն ինքը պայմանավորում է ԱՄՆ Կոնգրեսում եւ այլ երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունմամբ, նա տեսակետ հայտնեց, որ այդ փաստի առնչությամբ Թուրքիայում տարաբնույթ տրամադրություններ են ձեւավորվել. «Եթե սկզբում արձագանքները, ի դեմս վարչապետ Էրդողանի՝ այդ երկրում ապօրինի ապրող հայերին վտարելու հայտարարությունների, բուռն էին ու հիստերիկ, ապա այժմ թուրքական քաղաքական մեքենան փոխել է իր մարտավարությունը եւ իր մոտեցումների մեջ սրբագրումներ է մտցնում»,- հայտարարեց թուրքագետը՝ նկատելով, որ սրբագրությունները Էրդողանի հայտարարություններին մեղմ բնորոշումներ տալու տեսքով են արվում։ «Ցավալին, սակայն, այն է, որ այդ սրբագրումների մեջ փորձում են ներքաշել նաեւ Թուրքիայի հայ համայնքին՝ ի դեմս հայ համայնքի ղեկավար ներկայացած ոմն Շիրինօղլուի, ով փորձում է յուրահատուկ մեսիջներ ուղարկել աշխարհին, որ թուրքական պետությունը շատ բարեգութ է տեղի հայերի նկատմամբ»,- նշեց Ռ. Մելքոնյանը։

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր երկրում ապօրինի ապրող հայերին վտարելու վերջին օրերի հայտարարությունների մասին՝ թուրքագետն անընդունելի համարեց դրանք՝ հիշեցնելով, որ Թուրքիան եւս աշխարհի տարբեր երկրներում ապօրինի բնակվող միլիոնավոր քաղաքացիներ ունի։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս սպառնացել էր վտարել իր երկրում ապօրինի ապրող հայերին, որոնց թիվը նրա խոսքերով շուրջ 100000 է կազմում։