Թեեւ «Վրացական երազանքի» թեկնածուն է  հաղթել, հասարակության մի մասն արդեն հիասթափված է իշխող կոալիցիայից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահական ընտրությունների  արդյունքը, որում հաղթել է Իվանիշվիլիի կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:  Նա հավելել է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահը նախորդին փոխարինել է ժողովրդավարական ճանապարհով:  Փորձագետը հավելել է, որ խախտումները ոչ մի կերպ չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա: 

Մյուս կողմից, ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը` 46.6, ցույց է տվել, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից անցած մեկ տարվա ընթացքում բնակչության մի մասն արդեն հասցրել է հիասթափվել «Վրացական երազանքից»: Սակայն վստահությունը կորցրել էր նաեւ Սահակաշվիլիի  «Միասնական ազգային շարժումը»: Այնպես որ, Վրաստանի բնակչության մեծ մասը դեռ վստահում է գործող իշխանություններին, հավելել է Մելիքյանը: 

«Նոր նախագահի երդմնակալությունից հետո իշխանությունը եւ Վրաստանի համար պատասխանատվությունը միայն մեկ քաղաքական ուժ կստանձնի`«Վրացական երազանք» դաշինքը:  Իսկ քաղաքական էլիտայի լիարժեք փոփոփոխությունը տեղի կունենա  2014թ.: Եվ սկզիբն այս ընտրությունները դարձան», - հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ էին: Հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ նախնական տվյալների` նա հավաքել է  64% ձայն: Նրա հիմնական հակառակորդներ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն հավաքել են համապատասխանաբար 21 եւ 9.5% ձայն: