Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, եւ մեր երկիրը շահագրգիռ է առավել զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների մեջ չկան վիճահարույց հարցեր, որոնք կարող են խոչընդոտել երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի եւ Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրացմանն ու զարգացմանը:

Թիան Չանչունի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները: Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Չինաստանի Պետական խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները: