Մոսկվայի մետրոյում մարտի 29-ի առավոտյան եղած ուժեղ պայթյունների ժամանակ վիրավորվել են նաեւ երկու հայ կին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը։

Նա ասաց, որ Հասմիկ Մարտիրոսյանը (ծնված 1992 թվականին) ներկայումս գտնվում է 36-րդ քաղաքային հիվանդանոցում. «Հասմիկը Մարտիրոսյանը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում, սակայն բժիշկների խոսքով, նրա վիճակը կայուն է»։

Երկրորդ տուժածը՝ Աննա Հովհաննեսի Փորքաշյանը, (ծնված 1955 թվականին) գտնվում է 64-րդ քաղաքային հիվանդանոցում։

Նրա վիճակի մասին տեղեկություններ ներկա պահին դեռեւս չկան։ Մինասյանի հաղորդմամբ, ինքն անձամբ է գնացել հիվանդանոց, որպեսզի իմանա կնոջ առողջության վիճակը։ Նա նշեց, որ ավելի ուշ հիվանդանոց կայցելի նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեպսան Օլեգ Եսայանը։ Մամուլի քարտուղարը հավելեց, որ դեսպանատունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր տեղեկություններ ձեռք բերի տուժածների եւ մահացածների մասին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի։