Պետք չէ հակասություններ փնտրել երկրորդ եւ երրորդ նախագահների իրականացրած արտաքին քաղաքականությունների միջեւ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կառավարող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը:
«Պետք է համախմբվել նախագահ Սարգսյանի շուրջ, առաջ նայել եւ իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք կբխեն հայկական կողմի շահերից՝ ապահովելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցությունը»,- նշել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Սողոմոնյանն իր հոդվածում նշել էր, թե «ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց մեկ տարի առաջ»: Սողոմոնյանը նաեւ հիմնազուրկ էր անվանել այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանն է դուրս մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից: «Ընդ որում, առավել հաճախ դա ասվում է բոլոր իմաստներով աննկատ մարդկանց կողմից, որոնք հեռու են Ղարաբաղից թե՛ գործնական, թե՛ զգացմունքային առումով»,- նշել էր նա:




























