Քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության լեյտենանտ Նվեր Զախարյանն իր պարտականությունների կատարման փոխարեն զբաղվել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին թմրամիջոց իրացնելով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՔԿՎ մամուլի ծառայությունից, քրեակատարողական ծառայության օպերատիվ աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ս.թ. մարտի 27-ին նա ՔԿՀ-ում ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում համազգեստի թևքից հայտնաբերվել է տնայնագործական եղանակով չորացված մարիխուանա:

Բացահայտված հաջորդ դեպքը գրանցվել էր դեռևս մարտի 2-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նույնպես անվտանգության ապահովման բաժնի աշխատակից և նորից արդարադատության լեյտենանտ:

Քրեակատարողական համակարգի օպերատիվ ծառայությունում այս անգամ ստացված տեղեկությունները վերաբերում էին Նուբարաշեն ՔԿՀ հիմնարկի աշխատակից, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանին, որի համազգեստի վերնաշապիկի տակից հայտնաբերվել է թաքցված թմրանյութ:

Գրիգոր Հարությունյանը տվել է ինքնախոստովանական բացատրություն այն մասին, որ ինքը համաձայնության գալով նախնական կալանքում գտնվող Արթուր Ս.-ի հետ, 35.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց պետք է թմրամիջոցը փոխանցեր վերջինիս: